Ամբողջ մարտ և ապրիլ ամիսներին Էկոնոմիկայի նախարարության գործով իրականացվել են կրկնակի հարցաքննություններ, մի քանի անգամ հարցաքննված անձինք ևս մեկ անգամ անէական հարցերի շուրջ հարցաքննվել են, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
Նրա խոսքով՝ բոլոր առերես հարցաքննություններն ավարտվել էին փետրվար ամսին։ Եգորյանը նշեց, որ երկու ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ հետազոտվել էին։
Պաշտպանը հիշեցրեց, որ գրեթե 2 ամիս անց Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք և համակցված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից հետո նրա նկատմամբ գործողությունների ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է։
«Պարոն Քերոբյանը համբերատար 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում՝ առանց ավելորդ աղմուկների, առանց ավելորդ նյարդային դրսևորումների, որպեսզի օբյեկտիվորեն ենթադրաբար անհրաժեշտ ժամանակը հատկացվի»,- ասաց նա։
Եգորյանը նշեց, որ տնային կալանքը մի շարք բարդություններ է առաջացնում Քերոբյանի համար։ Սահմանափակ շփման պատճառով նախկին նախարարը չի կարողանում ընդունել ու կատարել նոր աշխատանքի առաջարկները։ Ըստ փաստաբանի՝ անտեսվում է այն փաստը, որ իր պաշտպանյանի խնամքին 5 երեխաներն ու մայրն են։
Բացի այդ, տնային պայմաններում վնասվածք ստացած Քերոբյանին թեև հնարավորություն են տվել շտապ բուժօգնության համար դիմել, սակայն վարսավիրի ու ատամնաբույժի մոտ գնալ նրան արգելել են, ինչը նույնպես կենսական տարրական պահանջ է։
Ապրիլի 12-ին դատարանը երկարաձգել էր Քերոբյանի տնային կալանքը։ Նա հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։