ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, բանակցություններն ընթացել են ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշվել է, որ ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և ադրբեջանական զորքերը պետք է լքեն այն։
Ըստ հաղորդագրության՝ Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մոտալուտ կթուլանա: Նա նաև հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին համապատասխան աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար: