Փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ, հայտնում են համայնքապետարանից։
Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Ըստ ԵՄ խորհրդի հայտարարության՝ առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։