Ոռոգման ջուր չլինելու պատճառով Գյումրի- Երևան մայրուղին փակած Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի՝ Արտենիի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը, քանի որ խոստացել են երկու օրից ջուր տալ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արտենի վարչական շրջանի ղեկավար Վաչիկ Գաբրիելյանը։
Մի քանի օր է՝ գյուղում ոռոգման ջուր չկա, որի համար էլ նրանք երկկողմանի փակել են Գյումրի–Երևան մայրուղին։
Գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջուրը կտրել են, իսկ ցանքսը չորանում է։
Արտենիի բնակիչները ոռոգման ջուր ունենալու պահանջով համայնքապետարան են դիմել։ Այստեղից, սակայն, նրանց ասել են, որ ջուր տալ չեն կարող, խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է։
Արտենիի ցորենի, գարու, կարտոֆիլի շուրջ 2500 հեկտար ցանքատարածությունները ոռոգման ջուր ստանում են Թալինի ջրանցքից։ Վաչիկ Գաբրիելյանի խոսքով՝ ջուրը պակաս է, դրա համար էլ խնդրի առաջ են կանգնել։
«3 օրով ոռոգման ջուրը կտրել են, իսկ հիմա մեր տարածքում այնպիսի վիճակ է, որ պետք է անպայման դաշտերը ոռոգել, հակառակ դեպքում, բերքը չորանալու է։ Վաղը չէ, մյուսը օրը ջուր կլինի։ Մեր ջուրն Ախուրյանի ջրամբարից է գալիս, իսկ այնտեղ ջուրը քիչ է։ Պետք է մի կերպ դիմանանք»,- նշեց մեր զրուցակիցը։