Թումանյան խոշորացված համայնքում տեղի ունեցավ նորըտիր ավագանու անդրանիկ նիստը, որին ներկա էին ավագանու 15 անդամները, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, վարչության բաժնի պետ Արեն Անանյանը, մարզպետի օգնական Տիգրան Հովսեփյանը, Դսեղի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմեջյանը, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
Նիստի մեկնարկը տրվեց Տեր Գրիգորիս քահանա Դերմեջյանի կողմից տերունական աղոթքով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը։ Նիստը վարում էր ավագանու տարիքով ավագ անդամը՝ Սվետլանա Եգանյանը, ով ընթերցեց թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021թ. թվականի դեկտեմբերի 12-ի N 47-Ա որոշումը, ապա ներկայացրեց համայնքի ավագանու անդամներին՝ ըստ կուսակցությունների:
Նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Վաչագանի Թումանյանը: