Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը հունվարի 23-ին կբացի World Press Photo 2023-ի հաղթողների լուսանկարների ցուցահանդեսը, որոնց լուսանկարները մեկնաբանում են պատերազմի և խաղաղության խնդիրը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր օրերի տխուր իրողությունների մասին լուսանկարներն ավելի բարձր են խոսում, քան բառերը», – ասվում է գրառման մեջ: Ցուցահանդեսին կներկայացվի նաև ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի աշխատանքը, ում լուսանկարները Battered Waters նախագծի շրջանակներում հաղթել էին միջազգային մրցույթի «Երկարաժամկետ նախագիծ» անվանակարգում։
«Վերջին տարիներին իմ աշխատանքն ունեցել է երկու հիմնական ուղղություն՝ լուսաբանել Լեռնային Ղարաբաղը և լուսանկարել Կենտրոնական Ասիայի ջրերի պատմությունները»,- գրել է Բաբաջանյանն Instagram-ում և նշել, որ նախագիծն արտացոլում է ջրի ընդհանուր ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրը Կենտրոնական Ասիայի չորս երկրներում, որոնք ելք չունեն դեպի ծով:
Ցուցահանդեսը կբացվի հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտարապետության ազգային թանգարանում՝ Հանրապետության հրապարակ, 3 հասցեում։