Դաշնակահար Վարդան Օվսեփյանը, որը 1994 թվականից ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգներով կունենա Երևանում:
Մարտի 26-ին նա ելույթ կունենա ՀԲԸՄ համերգասրահում՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյանի և թմբկահար Կարեն Քոչարյանի հետ «Վարդան Օվսեփյան տրիո»-ով։ Մարտի 27-ին առաջին անգամ հայրենիքում հանդես կգա մենանվագով․ «Վարդան Օվսեփյան-սոլո» խորագրով երեկոն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Մարտի 30-ին «Վարդան Օվսեփյան տրիո»-ն ելույթ կունենա Տիգրան Ձիթողցյանի «Արտ ստուդիո»-ում:
Օվսեփյանն այժմ ապրում է Լոս Անջելեսում, դասավանդում է Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում (CalArts), պարբերաբար վերադառնում է Հայաստան՝ ներկայանալով բազմաբնույթ համերգային ծրագրերով:
2023 թվականին դաշնակահարը մի շարք ելույթներ է ունեցել «Ամառային ջազ արձակուրդները Հայաստանում» նախագծի շրջանակում և մի քանի համերգով հանդես եկել ոչ միայն Երևանում, այլև Դիլիջանում, Կապանում, Գյումրիում, Ստեփանավանում և Վանաձորում, վարպետաց դասեր անցկացրել Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:
Օվսեփյանի վերջին շրջանի պարգևներից են «Fractal Limit»-ին շնորհված առաջին մրցանակը «Achava Jazz Award»-ում (Էրֆուրտ, Գերմանիա, 2017թ․), Կամերային երաժշտության ամերիկյան դրամաշնորհը «Ջազային նոր ստեղծագործություններ» ծրագրի համար (Նյու Յորք, ԱՄՆ, 2017թ․)։