Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ վաղ առավոտյան փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը՝ իշխանություններից պահանջելով լուծել գյուղմթերքի իրացման հարցը։
Երասխահուն համայնքի բնակիչները Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ վերամշակող ընկերությունները քիչ քանակությամբ են պղպեղ, սմբուկ մթերում, բերքն էլ փչանում է։
«Ապրանքը շուկայում չի վաճառվում։ Գործարանները գրեթե չեն աշխատում՝ շատ քիչ են մթերում։ Մեր համայնքից 100 տոննա սմբուկ ու պղպեղ հազիվ մթերված լինի։ Բայց մենք դեռ շատ բերք ունենք, որը դեռ չենք հավաքել։ Իշխանությունները հորդորում են, որ տեղական արտադրությունը զարգացնենք, բայց մթերման հարցով մեր կողքին չեն կանգնում։ Մենք ապրանք ենք արտադրել, բայց մեզ այսօր ոչ ոք չի օգնում»,- ասաց Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը։
Գյուղացիները ճանապարհը բացել են՝ պայմանով, որ պատկան մարմինները կազմակերպեն գյուղմթերքի իրացման հարցը։
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարների և վերամշակող ընկերությունների տնօրենների հետ քննարկում են կազմակեպել։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով՝ փորձում են խնդիրը կարգավորել․ գործարաների հետ բանակցել և հասկանալ, թե ինչ քանակությամբ բերք կարող են ընդունել։
««Արտֆուդ»-ն իր անհրաժեշտ քանակությունն ընդունել է և դադարեցրել մթերումը, բայց հիմա մեր հորդորով որոշակի քանակությամբ նորից կսկսի մթերել՝ սոցիալական հարց լուծելով։
Գյուղապետերին կանչել եմ, որ զոհվածների, ծնողազուրկների, հաշմանդամություն ունեցող ընտանիքների ցուցակներ տան, որ նրանց բերքն առաջնահերթ ընդունվի։ Բացի այդ էլ, մնացած բնակիչների ապրանքը կմթերվի գործարանի Պռոշյանի և Մասիսի մասնաճյուղերում։ Տեսնենք, թե «Սարգիս- Կառոլինա» ընկերությունն ինչ կասի»,- մեկնաբանեց մարզպետարանի ներկայացուցիչը։
Երասխահունցիները բողոքում են, որ վերամշակող ընկերություններն օգտվել են առիթից և գները նվազեցրել։
«10 օրվա մեջ գները 2-3 անգամ իջեցրել են։ 10 օր առաջ կարմիր պղպեղը 400 դրամով են մթերել, հիմա՝ 100-130 դրամ են դարձրել։ Եթե ներդրումներն ու վաճառքից ստացված գումարները համեմատում ես, մեզ օգուտ չի մնում. չենք կարող ընտանիք պահել»,- նեղսրտեց երասխահունցի Արմեն Ավեստիսյանը։
Արթուր Այվազյանն էլ վրդովվեց՝ գները պետք է իջնեն առաջարկի և պահանջարկի օրենքով․ այս տարի պղպեղ շատ են աճեցրել, գների նվազումը դրանով է պայմանավորված։
«Իրենք սովոր են, որ կիլոգրամը 400 դրամով վաճառեն. հենց իջնում է, ասում են՝ էդ ո՞նց եղավ։ Պղպեղի ինքնարժեքը 70 դրամ է կազմում»,- գյուղացիներին հակադարձում է մարզի գլխավոր գյուղատնտեսը։
Նրա փոխանցմամբ՝ այս տարի ավելացել է պղպեղի արտադրության ծավալները։ 223 հեկտարով պղպեղի ցանքատարածությունն Արմավիրի մարզի բնակիչներն ավելացրել են՝ տարեկան արտադրելով շուրջ 33 000 տոննա պղպեղ։
Ավելի ուշ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հայտնել է, որ Արմավիրի մարզի սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է նախարարության և Արմավիրի մարզպետարանի ջանքերով: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կապ է հաստատել վերամշակող կազմակերպությունների հետ և արդյունքում, առաջին հայացքից ավելցուկ հանդիսացող գյուղմթերքը, գտել է իր գնորդին:
Հիշեցնենք, որ մարզում վարունգի իրացման խնդիր էլ կա։ Գյուղացիները վարունգը ևս շատ են աճեցրել և շուկայում լճացում է առաջացել։
Սպառման խնդիր ունի նաև խաղողը։ Այս տարի խաղողն արտակարգ բերք է տվել։ Գործարանները սահմանափակումների պատճառով տուժել են և նվազեցրել խաղողի մթերման գներն ու կրճատել ընդունվող բերքի քանակությունը։