Եթե այս սեզոնին հանրային սննդի ոլորտի տնտեսությունների շրջանառությունը նվազի 20 տոկոսով, ռեստորանների 30 տոկոսը փակման եզրին կհայտնվի։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը՝ խոսելով նոր սահմանափակումներով պայմանավորված հնարավոր ռիսկերի մասին։
Հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի պատվաստմամբ կամ ՊՇՌ բացասական թեստով։ Նա վստահեցրեց, որ ռեստորանները QR կոդեր չեն պահանջելու, քանի որ այդ պահանջի իրավական հիմքերը շատ թույլ են։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի դիտարկմամբ՝ եթե ցանկացած տնտեսական սահմանափակում չի ուղեկցվում օժանդակությամբ, սոցիալական հարվածներ է հասցնելու առանց այն էլ ծանր վիճակում գտնվող բիզնեսին։ Նա նշեց, որ հանրային սննդի ոլորտը կորոնավիրուսից ամենաշատ տուժած ոլորտներից է։
«2019 թվականի համեմատ, որը ռեստորանային ոլորտի համար պիկային տարիներից էր, ռեստորանների շրջանառության ծավալները նվազել են 40 տոկոսով։ 200-ից ավելի տնտեսվարողներ դուրս են մղվել շուկայից, որից երկու տասնյակը՝ վերջին երկու ամիսների ընթացքում։ Բիզնեսմեններն արդեն իրենց անհանգստությունն են հայտնում։ Ռեստորանային ոլորտից արդեն 10-15 000 երիտասարդ մասնագետներ՝ բարմեններ, մատուցողներ, մենեջերներ, անվտանգային խնդիրներից պատճառով լքել են երկիրը»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի այն հայտարարությանը, թե այնքան քաղաքացի է պատվաստվել, որ սննդի օբյեկտում QR կոդ ներկայացնելը տնտեսական հետևանք չի առաջացնի, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչն արձագանքեց․ «Տիկին Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին, ուր մնաց, թե տիրապետի ռեստորանային ոլորտին։ Նախարարին խորհուրդ կտամ զբաղվել պատվաստումների մակարդակի բարձրացմամբ, շատ լավ է, որ ունենք ինչ- որ ցուցանիշ։ Բայց եկեք հիշենք, որ այդ պատվաստումների ամենաառաջին հակագովազդները հենց իշխանությունն է արել»,- շեշտեց փորձագետը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հունվարի 1-ից սննդի, մշակութային և ժամանցի վայրերում մուտքը կլինի պատվաստմամբ կամ ՊՇՌ բացասական թեստով։
Իր հերթին, «Ռեստորանային ասոցիացիան» կոչ է արել ՀՀ Կառավարությանը և Առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։