Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ներդրումային կոմիտե է ստեղծվում։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
Ըստ որոշման՝ ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։
Նշված են նաև ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրները։
1) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ- տնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը.
2) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը.
3) որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և
համալրումը։
Տեղեկացնենք, որ ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է վարչապետը, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահում է վարչապետի որոշմամբ փոխվարչապետը։
Հավելենք, որ ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։