Երվանդ Խունդկարյանը վայր է դնում վճռաբեկ դատարանի նախագահի և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից։
Խունդկարյանի հայտարարության մեջ ասվում է․
«Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝
- վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները,
- դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից,
- դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին: ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել էին Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը: