Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Սույն թվականի փետրվարի 19-ին ապօրինաբար ձերբակալվեց, այնուհետև՝
կալանավորեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանը։ Առաջադրված մեղադրանքի թե’ փաստական կողմը և թե’ իրավաբանական որակումը մտացածին են և չեն դիմանում որևէ քննադատության, ինչը հիմնավոր փաստարկել են ինչպես իրավական համայնքի, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ հարգված ներկայացուցիչներ։
Առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հերթական անգամ հավաստում է Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը։ Ավելին՝ ԱԱԾ-ն որոշում է կայացրել սահմանափակելու Արա Սաղաթելյանի տեսակցություններ ունենալու իրավունքը, այդ սահմանափակումը տարածելով վերջինին ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխայի վրա՝ որեւէ կերպ չպատճառաբանելով այդ որոշումը։ Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևում ամրագրված «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»: