ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021-ի սեպտեմբերին։
Նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։