Համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Խոսքը, մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:
Այս հայտարարությունը հիմնված է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նշված զինծառայողների, փաստաբաններից մի քանիսի հետ դեկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման վրա՝ հաշվի առնելով գերեվարման հանգամանքները և գերիների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային գործիքակազմը:
Ըստ այդմ, այս եզրահանգման հիմքում են՝
1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում. դրանք չեն հրապարակվում, բայց գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդման մարմնին:
2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին:
3) Առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը՝ նաև նրանց ընտանիքներին պատճառելով հոգեկան տառապանքներ:
4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում և ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:
5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված զինծառայողներից բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաև այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին»,- գրել է Թաթոյանը: