Դատախազությունը դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Մասնավորապես, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը հոկտեմբերի 11-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն հրավիրել էր նիստ և ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել՝ նշելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում:
Վերոգրյալի հիման վրա՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, Գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար։
Որոշումն ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իրազեկման նպատակով, ինչպես նաև նախաքննությունն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: