Պողոս Պողոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների տված ակնհայտ կեղծ եզրակացության փաստով հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:
Այս գործով 2019թ. երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Փորձաքննությամբ հերքվել են Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած և կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների կողմից արված հետևությունները:
Քրեական վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։
2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երեւան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը: