«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում կատարված սպանության, մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ահազանգն ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել էր, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել: Նույն օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:
Կատարվել էր դեպքի վայրի զննություն, առգրավվել էին վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել էին բազմաթիվ անձինք: Նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ։ Պարզվել էր, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի:
ՔԿ-ի տեղեկություններով՝ կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: