«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մինչ աշխարհի մի շարք պետություններ կոչ են անում Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը: Ավելին, հայ գերիների նկատմամբ հարուցում է շինծու քրեական գործեր։ Ադրբեջանը, խախտելով հանդերձ միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, միաժամանակ փորձում է օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայիս պատգամավորները, ովքեր դուրս են մնացել ՔՊ նախընտրական ցուցակից, աշխատանքի փնտրտուքների մեջ են: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատոմյանին իշխանական թեւը խոստացել է վերադարձնել իրավապահ համակարգ՝ Քննչական կոմիտե, կամ, եթե անգամ դա չլինի, կնշանակեն Արարատի փոխմարզպետ: Իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ կգնա ու իր փաստաբանական աշխատանքը կշարունակի։ Դերասան Արթուր Մանուկյանն էլ հասկացել է, որ խորհրդարանն իրենը չի, ու վերադառնում է թատրոն՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ բանակցություններ էին ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Նպատակը՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Երեկ տեղեկացանք, որ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար նախ անընդունելի է եղել, որ հայկական կողմից որպես բանակցող է ներկայացել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա մայիսին, ապրիլի հետ համեմատ, պահպանվել է գների կայուն մակարդակ: Բայց, չնայած սրան, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կահույքի եւ կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի 0.2 տոկոս գնաճ»։