Իրանի հետ համագործակցությունը և Երևան-Թեհրան որոշակի պայմանագրային շրջանակի ստեղծումը կարող է դառնալ Ադրբեջանի համար ամենաարդյունավետ զսպող գործոնը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ամենախոցելի տեղը Սյունիքն է: Բաքուն և Անկարան չեն թաքցնում իրենց հավակնությունները մեր հանրապետության այս շրջանի նկատմամբ։ Մինչդեռ Սյունիքը շատ կարևոր է Իրանի համար։ Սա միակ երկիրն է, որը, բացի հայտարարություններից ու կոչերից, այստեղ կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ հավասարակշռելով իր շահերը։ Մինչդեռ Հայաստանի ներկայիս իշխանությունը վերջին երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ գործնականում ոչինչ չի արել»,- ասաց Քոչարյանը՝ նշելով. «Հարկավոր էր առնվազն երկու համատեղ զորավարժություններ անցկացնել Իրանի հետ հենց Սյունիքում, որոշակի պայմանագրային հիմք ստեղծել Իրանի հետ, որն ամենաարդյունավետ զսպող միջոցը կլիներ Ադրբեջանի համար»։
Այս թեման իրանական կողմի հետ քննարկվել է 2021 թվականի մայիսին՝ Թեհրանի նախաձեռնությամբ, սակայն հետո հայկական կողմը սառեցրել է թեման։
Խոսելով Ռուսաստանի դերի մասին՝ Քոչարյանն ասաց, որ ակնհայտ է՝ Ռուսաստանն անում է և կշարունակի անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախում թույլ չտալու համար, բայց դրանք կլինեն զուտ քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և ճիշտ չէ ակնկալել, որ այս իրավիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ասաց Քոչարյանը։
ԱՄՆ-ն և Ֆրանսիան նույնպես ազդեցության լծակներ չունեն Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի վրա, ասել է նախկին նախագահը` հավելելով, որ Էրդողանը «մաստեր-կլասս» է ցուցադրում իր երկրի ազգային շահերը պաշտպանելու գործում՝ անտեսելով բոլոր տեսակի ճնշումները, նա անում է այն ամենը, ինչ նա ճիշտ է համարում Թուրքիայի ազգային շահերի համար։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց Հայաստանի անվտանգության համակարգը նոր բաղադրիչներով համալրելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է համոզվել այդ քայլի անհրաժեշտության մեջ։ Երևի կարիք կա ստեղծել Երևան-Մոսկվա-Թեհրան նոր եռակողմ ձևաչափ, որտեղ շահերը համընկնում են, չէ՞ որ Ռուսաստանն այժմ գնում է Իրանի հետ մերձեցման ուղղությամբ։
«Համոզված եմ նաև, որ այս քայլի անհրաժեշտությունը պետք է բացատրել նաև ԱՄՆ-ին։ Սա դժվար թե դուր գա Վաշինգտոնին: Բայց այսօր մենք պետք է ավելի համարձակ ու արմատական քայլեր անենք ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։