Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցից հետո ՔՊ պատգամավորներին հանձնարարել է բացատրել ժողովրդին, որ սահմանազատումը ենթադրում է որոշ տարածքների փոխանցում Բաքվին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ և բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում»,- հայտնում է թերթը։
Ըստ հրապարակման՝ ՔՊ-ում միայն սահմանափակ թվով մարդիկ գիտեն գործերի իրական վիճակի մասի, և դրա մասին է վկայում «իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը»։
Մարտի 17-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել են, որ դեմ են սահմանամերձ գոտուց Ադրբեջանին տարածքներ հանձնելուն
Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: