«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ իշխանությունները վաղվա հանրահավաքին ընդառաջ իրենց համակիրներից կազմված 15-17 հոգանոց խմբեր են կազմում:
«Մեզ լուրեր են հասել, որ իշխանությունները 15-17 հոգանոց խմբեր են կազմում հայտնի օլիգարխի գլխավորությամբ (Խաչատուր Սուքիասյան-խմբ.), նույնիսկ մարտական տրամադրությամբ խմբեր՝ ոմն Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ծայրաստիճան պատասխան են ստանալու, ավելորդ թող չհրահրեն, չգրգռեն մարդկանց»,- նշել է նա։
Սրբազանը պատասխանել է նաև Արցախի պաշտոնյաների նկատմամբ իշխանությունների կողմից հետապնդումների մասին հարցին՝ ասելով, որ պատճառն իշխանությունների վախն է։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է մայիսի 26-ին մեծ հանրահավաք հրավիրելու մասին։