Ֆրանսիան, որը հունվարից նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մերժել է խոցված ԻԼ-76-ի գործով նիստ հրավիրելու Ռուսաստանի դիմումը, գրում է РБК-ն։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ ֆրանսիական կողմը համաձայնվել է նիստն անցկացնել հունվարի 25-ին՝ Նյու-Յորքի ժամանակով ժամը 17:00-ին։
«Ակնհայտ է, որ փորձում են ժամանակ շահել և ժամանակ տալ իրենց ուկրաինացի հաճախորդներին՝ գոնե քիչ թե շատ հավանական բացատրություն տալու համար, թե ինչ է կատարվում»,- ասել է դիվանագետը:
ԻԼ-76-ի վթարի հետ կապված Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու Ռուսաստանի դիմումի մասին հայտարարել էր Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ նիստը պետք է տեղի ունենար Նյու-Յորքի ժամանակով ժամը 15:00-ին։
Հունվարի 24-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Բելգորոդի շրջանում կործանվել էր Իլ-76 ինքնաթիռ։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 74 մարդ, որից 65-ը գերի ընկած Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ, վեցը՝ անձնակազմի անդամներ և ևս երեքը՝ ուղեկցող անձինք, բոլորը մահացել են։