Հնդկաստանը Հայաստանի հետ օդային միջանցք կստեղծի՝ ռազմավարական կարևորության արտահանում կազմակերպելու նպատակով, հայտնել է IADN-ը X-ի միկրոբլոգում:
Նշվում է, որ այդ նպատակով HAL & CONCOR ընկերությունը հիմնել է HALCON միավորված աշխատանքային խումբը։ «Սա կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
HALCON-ն արդեն իրականացրել է ռազմավարական օդային բեռների առաջին արտահանումը Հայաստան, հաղորդում է India Defense կայքը։
The Geopolitics-ը գրել էր Եվրասիական ռազմավարական դաշինք ստեղծելու համար Հայաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ներուժի մասին։
Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը սպառազինության մատակարարման ոլորտում ՀՀ-ի հիմնական գործընկերներ էր անվանել Հնդկաստանին ու Ֆրանսիային։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքել հայկական կողմին մոտ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին, ըստ լրատվամիջոցների՝ պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի երբևէ առաջին արտահանման առաքումը։ 2022 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։
2023 թվականի հունվարին՝ ըստ հնդկական լրատվամիջոցների, Երևանը կարող է գնել հնդկական արտադրության ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Հայաստանը և Հնդկաստանը քննարկել էին Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից, բացի «Աքաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։