Վրաստանում 5-րդ օրը շարունակվում է Բորժոմիի անտառում բռնկված հրդեհի մարումը, հայտնում է Новости-Грузия-ն։
Պարբերականի տվյալներով՝ Բորժոմիում հրդեհի տեղայնացման և վերացման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշեր: Հրդեհի մարմանը մասնակցում են ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, տարածքային զարգացման նախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության 1200 աշխատակիցներ:
Այսօր հրդեհի մարման գործընթացում ներգրավվել է նաև Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։
Նշվում է, որ կառավարությունը ծրագրում էր, որ նախորդ շաբաթ Բորժոմիում սկսված հրդեհն այսօր մարվելու է։ Սակայն երեկ գիշեր պարզ դարձավ, որ դա անհնար է՝ Քվաբիսխևի և Զովրեթի գյուղերի միջև անտառային հատվածում, Մտքվարի (Քուռ) գետի աջ ափին կրակի նոր բաց աղբյուրներ են գոյացել։
Այսօր կրակը տարածվել է Բորժոմի մունիցիպալիտետի Քվաբիսխևի գյուղից դեպի Ախալցխա։ Ուժեղ ծուխն արդեն հասել է Թուրքիայի հետ Վրաստանի սահմանին։
Պարբերականը գրում է, որ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանից սոցցանցում տարածում են հրդեհի լուսանկարները, դրանց հեղինակները կոչ են անում կառավարությանը դիմել հարևան երկրներին օգնության համար և անհապաղ միջոցներ ձեռնարկել կրակը վերացնելու համար: Տեղի բնակիչները գրում են, որ տներում հրդեհից 5 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում ծխի պատճառով արդեն դժվար է շնչել: