Թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը նախատեսում է երկու տարում ավարտել Ուկրաինայում իր գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի խոսքերին հղումով։
Baykar-ն իր երկրորդ գործարանը կկառուցի Ուկրաինայում՝ Անկարայի և Կիևի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ, նշում է գործակալությունը։
Հալուք Բայրաքթարը վստահություն է հայտնել, որ նախագիծը կիրականացվի՝ չնայած բոլոր խոչընդոտներին։
«Հիմա մենք ունենք ճարտարապետական նախագիծ։ Մանրամասն նախագծման փուլն ավարտված է։ Եվ մենք փաստացի կսկսենք շինարարությունը… երկու տարվա ընթացքում մենք կցանկանայինք ավարտել այն»,- ասել է Բայրաքթարը:
Նրա խոսքով, ընկերությունը ներդրումներ կկատարի հոսքագծերի ընդլայնման համար։
«TB2-ով մեր արտադրական հզորությամբ մենք ամսական կազմում ենք 20 միավոր: 2023 թվականի համար մեր նպատակն է ամսական առնվազն 30 (միավոր) արտադրել»,- ասաց նա։
Ավելի վաղ Հալուք Բայրաքթարը հայտնել էր, որ Bayraktar Akıncı բարձր հեռահար անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կարտադրվեն ուկրաինական թուրքական Baykar ընկերության գործարանում։