Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ և սխալ քաղաքականություն է, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով:
«Ադրբեջանն այդքանով կանգ չի առնելու: Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը»,- գրել է Թաթոյանը:
Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո: Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ու հոգեկան անդորրը:
«Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին»,- գրել է նա:
Թաթոյանն ընդգծել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ զգուշացրել է, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակների քննարկումների հիմքում:
«Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով: Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը»,- եզրափակել է նա:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում:
Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: