Փետրվարի 3-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Առաջարկվող կարգավորումը վերաբերվում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքով՝ խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
Նախագիծը քվեարկության է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ի նիսին Արցախի խորհրդարանը քննարկել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը, որով առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։ Այն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունելուց հետո, խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը։