Չունենք նախադեպ, ըստ որի՝ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության են կանչվել պետականություն ղեկավարելու համար, Մեդիա կենտրոնում «Ի՞նչ իրավական հեռանկար ունեն Արցախի պաշտոնյաների ձերբակալությունները» թեմայով հարցազրույցի ժամանակ նշել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Նա շեշտել է, որ պետականության մեջ դերակատարում ունենալը հանցագործության որևէ հիմք չի պարունակում։
Սահակյանն Ադրեբջանի կողմից Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաների ձերբակալություններն ապօրինի է որակել։
Խոսելով նրանց ազատ արձակելու հնարավորությունների մասին՝ Սահակյանը նշել է, որ կան բազմաթիվ ատյաններ, որոնցից օգտվելու դեպքում երաշխավորված կլինի դրական ելքը՝ հօգուտ մեզ։
«Բայց պետք է հաշվի առնել, որ վճռնեռրի կատարումը ևս քաղաքական գործընթացներ է ենթադրում։ Այդուհանդերձ, քաղաքական ճնշումն ինտենսիվացնելու դեպքում խնդիրը հաղթահարելի կլինի»,-ասաց նա։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Մանրամասները՝ տեսանյութում։