Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն էր, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմինների, դոնոր կազմակերպությունների, ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցության կայուն շրջանակ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը համաժողովի մասնակիցներին փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը: Նա տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը: