Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացվում է Երևանում այսօր վաղ առավոտյան փլուզված շենքը:
Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ամբողջովին ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, փլուզվել է 5-րդ մուտքը։
Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ բնակարանից զրկվածների կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարարի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո. գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը։
Ամբողջովին փլուզվել է Ռայնիսի 1 շենքի 5-րդ մուտքը
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ամբողջովին ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, փլուզվել է 5-րդ մուտքը։Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ բնակարանից զրկվածների կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում։
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Среда, 26 августа 2020 г.