Կառավարությունն այսօր հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների համար ամանորյա աջակցության միջոցառում իրականացնելու վերաբերյալ որոշումը, որի համար մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը կտրամադրվի բնակչության պետական ռեգիստրում դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված՝ 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մայրանունը (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի (ծննդյան վկայականի կամ անձնագրի) տեսակը, սերիան ու համարը։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, միջոցառումը միանգամյա ծրագիր է։ Աջակցությունը նախատեսում է 20 000 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար։ Այն կտրամադրվի մինչև Ամանոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, չնայած, ամանորյա միջոցառումներ չեն լինելու, սակայն պետք է անել հնարավորը, որպեսզի երեխաների համար ամանորյա տոնական տրամադրություն ապահովվի, ուստի նրանց համար կլինեն տոնական ներկայացումներ և այլ միջոցառումներ։