Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատվեց։ Համապատասխան որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշման նախագծով սահմանվում է սահմանամերձ բնակավայրներում բնակարանային ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու պետական աջակցության ծրագիրը, ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները, աջակցության դադարեցման հիմքերը, ծրագրի իրականացման ռիսկերը։
Աջակցությունը կտրամադրվի հիփոթեքային վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկի սպասարկման 10 տարվա ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ծրագրերին դիմելու դեպքում սահմանամերձ գյուղի շահառուն օգտվում է ծրագրից ընդհանուր պայմաններով, այսինքն՝ չկան սահմանամերձ բնակավայրերի մասով արտոնյալ կամ առավել բարենպաստ պայմաններ։
Բացի դրանից՝ ծրագրերը չեն տալիս հնարավորություն աջակցել այն ընտանիքներին, որոնք դեռ չունեն երեխա, և աջակցությունից դուրս են հատկապես նորաստեղծ և երիտասարդ ընտանիքները, որոնք մինչև երեխայի պլանավորումը, հնարավություն կարող էին ունենալ բարելավել բնակարանային պայմանները՝ սեփական տուն ունենալու համար աջակցություն ստանալու ձևով։
Նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։
Նշենք, որ հանրապետության 5 մարզում 79 բնակավայր կա։