Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը երկու այց է իրականացրել ՊՆ նախկին շենքում բնակված անձանց, հայտնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը։
Ըստ աղբյուրի, ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացնել իրենց բողոքի ակցիան։ ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է ոստիկանության ներկայացուցիչների հետ: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ։
Բնակիչները նաև ՄԻՊ ներկայացուցիչներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։
Նշվում է, որ արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:
Armenia Today-ը հայտնել է նաև, որ ՊՆ նախկին շենքում բնակվող քաղաքացիները գիշերել են բաց երկնքի տակ. 150 ընտանիքին առաջարկել են 15 բնակարան։