ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։
Մասնավորապես, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Արդյունքում՝ բացի անձնական օգտագործման առարկաներից առկա է եղել թեյի 4 տուփ, որոնցից յուրաքանչյուրի մեջ թեյին միախառնված հայտնաբերվել է ընդհանուր՝ 1170 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց:
«Թմրամիջոցի փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, այնուհետև տեղափոխվել է ՀՀ ՔԿ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ անձնական խուզարկության արդյունքում տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու նպատակով։