Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ պատրաստ են փակել ճանապարհները և կազմակերպել ինքնապաշտպանություն, եթե Հայաստանի իշխանությունները փորձեն Տավուշի մարզի գյուղերը փոխանցել Ադրբեջանին, հայտնում է «301»-ը:
«Տասը օրվա ընթացքում ես ինձ վրա եմ վերցնում 50-60 հոգու հետ [գյուղից] պարապմունքներ անցկացնելը՝ յուրաքանչյուրիդ տեղ կնշանակեմ՝ ով, որտեղ, ինչ խնդիր պետք է կատարի»,- ասել է Ոսկեպարի բնակիչ, Երկրորդ բանակային կորպուսի նախկին շտաբի պետ, գնդապետ Միհրան Մահսուդյանը:
Նա հավելել է, որ եթե փորձ արվի այլընտրանքային ճանապարհ բացել, գյուղացիները բողոքի ակցիա կանցկացնեն և թույլ չեն տա, որ տարածքում որևէ փոփոխություն տեղի ունենա։
Ըստ «301»-ի՝ գյուղի բնակիչները մտահոգություն են հայտնել իրենց համայնքներում էթնիկ զտումների վտանգի առնչությամբ՝ իրավիճակը համեմատելով Արցախում տեղի ունեցածի հետ, սակայն Փաշինյանը խուսափել է այս թեմայով հարցերին ուղիղ պատասխանելուց։
«Նրանք կոչ են արել Փաշինյանին ապահովել, որ Աղստև գետի հարավային ափը մնա Հայաստանի վերահսկողության տակ, սակայն Փաշինյանը խոստովանել է, որ այդքան էլ ծանոթ չէ այս շրջանի աշխարհագրությանը»,- ասվում է հոդվածում։
Ոսկեպարում հանդիպումից հետո Փաշինյանը մեկնել է կիրանցիների հետ հանդիպման, հավելում է լրատվամիջոցը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում:
Մարտի 18-ին Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, սպառնացել էր պատերազմով, եթե նրանք հրաժարվեն Ադրբեջանին հանձնել մարզի չորս գյուղ։