Ուկրաինայում գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող է օգնել մեծացնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի եվրոպական ինտեգրման փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 8-րդ նախարարական նիստի ժամանակ:
Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի համար հատուկ նշանակություն ունի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցը, մասնավորապես՝ բնական գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման ճանապարհով, Հարավային գազային միջանցքը էական բեկում է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
«Տրանսբալկանյան խողովակաշարի հիմքի վրա ռևերսները և Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող են օգնել մեծացնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները և լրացուցիչ ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը: Ինչպես և Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտը, այդ խնդիրը համատեղ ջանքեր կպահանջի։ Մենք անկեղծորեն ողջունում ենք մեր ադրբեջանցի գործընկերների պատրաստակամությունը աջակցել այդ նախաձեռնությանը», – Դեմչենկովի խոսքերն է մեջբերում РИА новости-ն։
Դեմչենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հատկապես նավթագազային համալիրի զարգացման հարցերում:
Իր հերթին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, որ Հարավային գազային միջանցքը խոստանում է տարանցման առավելություններ մեծ թվով երկրների համար: «Մենք պատրաստ ենք համագործակցել Եվրոպական հանձնաժողովի և այլ երկրներում մեր գործընկերների հետ, որոնք ցանկանում են գազի լրացուցիչ ծավալներ գնել կամ գազ ներկրել և արտահանել, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալ Հարավային գազային միջանցքի զարգացման գործում», – ընդգծել է Շահբազովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Կատարի և Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: