ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանից Ուկրաինա զենքի մատակարարումների մասին լուրերը։
«Կիևի ռեժիմին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից և քննարկվում խնդրո առարկա երկրների հետ»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը մի շարք երկրների հետ երկկողմանի հիմունքներով նման քննարկումներ է անցկացրել, «երբ այդ դիրքորոշումը հնարավոր չէր փոխանցել գործընկերներին կուլիսներում կամ դիվանագիտական ուղիներով, նրանք դուրս են եկել հանրային տարածք, նաև մի շարք միջոցներ ձեռնարկել այս առումով»:
«Մեզ համար սա սկզբունքային թեմա է, և այս դեպքում մենք պետություններն ու երկրները չենք բաժանի որևէ այլ սկզբունքով, բացի մեկից՝ արդյոք նրանց գործողությունները վտանգ չե՞ն ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար։ Նրանց քայլերի ու գործողությունների պատճառով վնաս կպատճառվի՞ մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին»,- ընդգծել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է նշված լուրերը։ Նա հավելել է, որ Մոսկվան սերտ կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ, այդ թվում՝ այս հարցում։ «Գլխավորն այն է, որ Հայաստանի մասին այս առումով ոչ մի տեղեկություն չլինի։ Դա ուղղակի վայրի կլինի»,- եզրափակել է Զախարովան։
Ավելի վաղ հայկական TOGARMA հեռագրային ալիքը, հղում անելով Lostarmour կայքին և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայցի վերաբերյալ ուկրաինական դատարանի որոշմանը, հայտնել էր, որ Ադրբեջանը 2022-2023 թվականներին Ուկրաինային մատակարարել է 135 միավոր ZU-23-2 հակաօդային պաշտպանության հրետանային կայանքներ և ավելի քան 25 000 ական՝ 82 մմ տրամաչափի:
Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերին RTVI հեռուստաալիքը հայտնել էր Ադրբեջանում Ուկրաինայի համար արկերի արտադրության մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս մասին տեղեկությունը պատահաբար հայտնել էր ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալան։ Ավելի ուշ ադրբեջանական ընկերությունը հերքել էր այս տեղեկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: