Armenia Today-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առկա իրավիճակին, Հայաստանի կողմից տրամադրված օգնությանը, ինչպես նաև խոսել երկրաշարժից տուժած մեր հայրենակիցների մասին:
-Պարո՛ն Էստուկյան, երկրաշարժից տուժած Թուրքիայում ինչպե՞ս ընդունեցին Հայաստանի՝ Թուրքիային օգնություն ցուցաբերելու որոշումը:
-Անշուշտ, օգնության բոլոր առաջարկները ոգևորությամբ և շնորհակալ լինելով են ընդունում Թուրքիայում, ինչը շատ բնական է: Ավելի մեծ ուշադրության են արժանանում հատկապես այնպիսի երկրներից ստացած օգնությունները, ինչպիսիք Հայաստանն ու Հունաստանն են:
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի այս քայլն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:
-Չեմ կարծում, որ սա շատ կարևոր գործոն կարող է լինել, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կիզակետում կարևոր գործոն է Իլհամ Ալիևը: Թուրքիան այդ գործընթացում իր կամքով որևէ քայլ չի կարող անել: Թուրքիան այդ հարցում ստիպված է միշտ ստանալ Ալիևի հավանությունը: Անշուշտ, Հայաստանից ստացած օգնությունը հասարակության վրա կարող է ազդեցություն ունենալ, բայց միայն այդքանը:
– Դուք տեղեկություններ ունե՞ք, թե Թուրքիայում երկրաշարժի հետևանքով քանի հայ է տուժել։
-Տուժածների թիվը հասել է մեկ տասնյակի:
-Պարոն Էստուկյան, ինչպե՞ս են իրենց դրսևորում հայ փրկարարները:
-Նրանք արդեն իրենց սովորական աշխատանքի մեջ են: Նրանք կենդանի մարդկանց են փնտրում, որ փրկեն: Այդպիսի մեկ դեպք եղավ, երբ մի պատանու ազատեցին փլատակներից: Այլ մանրամասների չեմ տիրապետում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: