Հունիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակի խճուղում՝ «Mercedes-Benz Sprinter»-ի և «ZIL» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Ի)․ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել երեք արգելափակված քաղաքացու և սահմանազատել տարածքը։
Տուժածներ Է. Ա.-ին (ծնված 1994 թ․), Է․ Տ․-ին (ծնված 1969 թ․), Լ․ Խ․-ին (ծնված 2005 թ․), Մ․ Բ․-ին (ծնված 1994 թ․), Դ․ Կ․-ին (ծնված 1997 թ․), Է․ Հ․-ին (ծնված 1992 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1992 թ․) փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Է․ Ա.-ի, Է․ Տ.-ի և Մ․ Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Լ․ Խ.-ինը՝ ծանր, իսկ Դ. Կ.-ն, Է․ Հ.-ն և Ա․ Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Է. Հ.-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել վթարից տուժածների առողջական վիճակի մասին։
«Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնում են գերատեսչությունից: