ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացնելու պատճառներին։ Անդրեասյանն իր Facebook-յան էջում գրել է, որ Եղիազարյանն ինքնակամ մեկնել է գործուղման՝ ավելի քան 20 օր կառույցը թողնելով առանց ղեկավարման։
«Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման»,-գրել է նախարարը։
Այնուհետև, ըստ նրա, տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։
«Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ»,-հավելել է Անդրեասյանը։
Հոկտեբերի 27-ին Ժաննա Անդրեասյանի հրամանով Անի Եղիազարյանը ազատվել է թանգարանի տնօրենի պաշտոնից։
Նոյեմբերի 2-ին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն անդրադարձել էր Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու պատճառներին։