Որևէ անցանկալի հետևանք պատվաստումների արդյունքում չի գրանցվել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ պատվաստումներն այն կարևոր «դարմանն» են, որը պետք է օգնի վերջ դնելու համավարակին։
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի: Գոհ չենք այս պահին գրանցված ցուցանիշներից, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը բարձրանան: Որևէ մեկի մոտ անցանկալի հետևանք չի արձանագրվել»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում առկա է երեք տեսակի պատվաստանյութ` «AstraZeneca», «Սպուտնիկ V» և չինական ընկերության պատվաստանյութերը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները պատվաստվեն՝ բնականոն կյանքով ապրելու համար։ Նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ կոչ արեց կորոնավիրուսի դեմ պատվաստվել։
Մանրամասները՝ տեսանյութում․