«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ընդհատակ է անցել: Որոշ տեղեկություններով, նա տեւական ժամանակ Հայաստանում չէր` Ուկրաինայում էր, վերադարձել է վերջերս եւ աշխատում է հանրային վայրերում հնարավորինս աչքի չընկնել: Նրա հայրը` Փաշինյանի ավագ եղբայր Արտակ Փաշինյանը, ըստ լուրերի, պատերազմից հետո մեկուսացել էր եւ Իջեւանի սարերում էր ապրում:
Ասում էին` պատերազմում պարտությունն ու վերջին իրադարձությունները ծանր է տարել` ոչ մեկի հետ չի շփվում: Իսկ նրա որդու` նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մասին անգամ Նիկոլ Փաշինյանի քավորի ընտանիքում տեղեկություններ չունեն»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է ջահերով երթ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: «Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»,-ասված է հայտարարության մեջ:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, չնայած պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն երթին մասնակցելու որոշում ունի նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ թե՛ ղեկավար մարմնի, թե՛ պատգամավորների, թե՛ տարածքային կառույցների ակտիվ ներգրավմամբ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է ողջ իշխանությունը երկրում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ առանց ընդդիմադիրների, նոն ստոպ ռեժիմով երկու ընթերցումով ընդունեց համայնքների խոշորացման նախագծերը: Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ անհնազանդ եւ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին՝ ի դեմս խոշորացման:
Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում: «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, որ խոշորացված համայնքները վերցնի իր ղեկավարության տակ։ Որոշ ընդդիմադիրներ եւս արդեն իսկ սկսել են այդ ուղղությամբ պայքարը: Այս ընտրությունները կարող են վճռորոշ լինել հետագա քաղաքական դասավորությունների առումով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության շրջանում առաջացրել են որոշ անհանգստություններ, եւ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հասկանալու համար, թե եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ, իր հոտին կաթողիկոսը ինչ կոչ է անում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում որեւէ հոգեւոր կամ կրոնական խնդիր չի տեսնում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Զուգահեռ ակտիվորեն շրջանառվում են նաև ծախսված գումարների հետ կապված տարբեր թվեր:
«Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան (ի դեպ, հանուն արդարության, գերօպերատիվ՝ ընդամենը 50 րոպե անց, ի տարբերություն պետական մի շարք կառույցների, որոնց համար հաճախ ընդամենը 1-2 նախադասությամբ պատասխան ուղարկելու համար նույնիսկ 5 աշխատանքային օրը բավարար չի լինում):
«Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն։ ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է միջոցառումն իրականացնելու ծրագիր, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը։ Միաժամանակ, հայտնում ենք, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»,- նշված է պատասխանում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ օրվանից մինչեւ հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգ կմեկնի նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, ովքեր թեեւ սույն պատվիրակության անդամ են, սակայն, ինչպես հայտնի է, անցնում են քրեական գործերով, եւ նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն Հայաստանից չբացակայելու մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գեւորգյանի դիմումը, եւ վերջինս չի կարող մեկնել Ստրասբուրգ։ Որպես բողոքի նշան՝ Ստրասբուրգ չեն մեկնի նաեւ Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը»։