«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի 4-ին Երևանում կանցկացնի իր համակիրների մասնակցությամբ մեծ հանդիպում, հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ հիմնական նպատակն այն է, որ մարզային և քաղաքային հանդիպումների արդյունքում ձևավորված շարժման ակտիվ մասը, որոնք նաև որոշակի կազմակերպչական աշխատանքների մեջ են ներգրավվել, իրար ճանաչեն ու միասին աշխատեն։
«Մարզային հանդիպումներից հետո ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ հանդիպում տեղի ունենա Երևանում՝ մեր ուղերձները ասելու, ճանապարհները կազմակերպչական խմբերին մանրամասնությամբ ներկայացնելու և անցնելու մեր գործողությունների ծրագրին»,- ասել է շարժման առաջնորդը։
Նա նշել է, որ ցանկանում էին հանդիպումը Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում անցկացնել, սակայն այն զբաղված էր, և որոշել են համալիրի փոքր դահլիճը զբաղեցնել, որովհետև այն ամենամեծն է Հայաստանում։
Հուլիսի 25-ին Գալստանյանը Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր սեպտեմբերի սկզբին նախատեսվող կարևոր հավաքի մասին։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի սկզբին կայանալիք հանդիպման ժամանակ ճշտելու են հետագա գործողությունները։ Հուլիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը Նորատուս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր շարժման մարտավարության փոփոխության մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Հունիսի 19-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։