Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ապօրինի ձերբակալություններին, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:
«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:
Նշվում է, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները:
«Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր և դա իհարկե շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք: Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան՝ հավելելով, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Նա նաև վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։