Համացանցում հայտնվել է «ԼՂ-ում ռուս խաղաղապահների պահեստի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակման» տեսանյութը։
Հեղինակները պնդում են, որ տեսանյութն արվել է մի քանի օր առաջ՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով վեց ռուս զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել խաղաղապահների պահեստների վրա «հարձակման» տեսանյութը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 200 զոհի և 400 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։