ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման: Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրեց բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասաց՝ իր համար մեծ պատիվ է Մայր բուհում գտնվելը, քանի որ դեռևս ուսանողական տարիներին այն համոզմանն է եղել, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ կրթական համակարգի դրոշակակիրն է:
Վահագն Խաչատուրյանը նշեց, որ մեր երկրի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը, ապա հավելեց, որ այս տեսանկյունից ԵՊՀ-ից սպասելիքները շատ են: ՀՀ նախագահը վստահեցրեց, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:
Նախագահը անդրադարձավ բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսեց խնդիրների ու մարտահրավերների մասին. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հանդիպման ժամանակ անդրադարձավ կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող: