Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Երևանի քաղաքապետարանը հայտնում է՝ սա քաղաքային իշխանության գլխավոր ու կարևորագույն խնդիրներից մեկն է:
Ոռոգման նոր համակարգ է անցկացվել քաղաքի այգի-պուրակներում, մայթեզրային հատվածներում, որոշ տեղերում էլ՝ ընդլայնվել: Ոռոգման նոր համակարգ կունենա նաև քաղաքային տնկարանը:
Երևանյան, այսպես ասած, բուսաբանական կենտրոնը կլինի ուսումնական յուրօրինակ կենտրոն. այստեղ կաճեցվեն թանկարժեք ու բացառիկ բուսատեսակներ, որոնք հետագայում կբազմացվեն տնկարանում և կտեղափոխվեն Երևանի կանաչ տարածքներ, նաև կվերածվի զբոսաշրջային նոր անկյան:
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում՝ վերականգնելու քաղաքի երբեմնի անտառային գոտիները՝ մոտ 10 հա մակերեսով: Բազմիցս քնարկված նախագիծը կիրականացվի կանաչապատման քաղաքային կազմակերպության ուժերով: Ծառատունկը կլինի արդեն այս աշնանը:
«Նախատեսում ենք 10 հա տարածքում հիմնել անտառ-տնկարկ, որը նորագույն պատմության մեջ կլինի առաջին դեպքը: Մոտ 6.5 հա՝ Ծիծեռնակաբերդում և 4 հա ՝ Սարալանջում: Առաջին անգամ գրեթե ամբողջ տնկանյութը՝ 97 %-ը, տրամադրելու է ջերմոցատնկարանային տնտեսությունը: 10 հա անտառ հիմնելու համար քաղաքը գրեթե ոչինչ չի ծախսի»,- ընդգծել է ՀՈԱԿ-ի տնօրենը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:
Ծառերից բացի քաղաքային ջերմատունը կապահովի նաև քաղաքին անհրաժեշտ ծաղիկների կեսից ավելին: Հաջորդ տարի քաղաքին տեսք կհաղորդեն ավելի քան 1 մլն ծաղիկները: Երևանում կանաչապատման նոր եղանակի հիմք է դրվում: