Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։
Նշվում է, որ ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
Փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ այս գործընթացն օրենքի խախտմամբ իրականացվել է Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի:
«Ոչ նախքան մեղադրյալ ներգրավելը և հետախուզում հայտարարելը, ոչ էլ դրանից հետո այդ մասին վերջիններս չեն տեղեկացվել և դա այն դեպքում, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում: Նույնիսկ խուզարկությունների ընթացքում որևէ անգամ որևէ ծանուցագիր չի հանձնվել Արտյոմ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ, ինչը չի խանգարել, սակայն, որ քննչական մարմինն առանց որևէ հիմքի հետախուզում հայտարարի Արտյոմ Խաչատրյանին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Խաչատրյանների՝ այս գործընթացները նման գաղտնիության ռեժիմով իրականացնելու միակ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը ևս քաջ գիտակցում է դրանց անօրինականությունն ու անհիմն լինելը։
Հիշեցվում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, դեռևս այս տարվա ապրիլի 28-ի իր հայտարարությունում հանրությանը տեղեկացրել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով իր վրա ճնշումներ են գործադրվում, իսկ ավելի ուշ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։
«Ինչպես տեսնում ենք, Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունում նշված պաշտոնատար անձինք «իրենց խոսքի տերն են», և իրար հետևից իրականություն են դարձնում նույն հայտարարությունում նշված «խոստումները», որոնք այս անգամ արդեն դրսևորվել են Արտյոմ Խաչատրյանին ևս անօրինական և անհիմն կերպով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ մեղսագրելով, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելով ու հետախուզում հայտարարելով», ասված է հայտարարության մեջ։