Ինչպես նախկինում, այնպես էլ անցնող շաբաթվա ընթացքում տեղեկատվական հարթակներում ամենաքննարկվող թեման Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն էր, որը մերթընդմերթ ընդմիջվում էր արտաքին քաղաքական ճակատում նոր զարգացումներով, քրեական նոր բացահայտումներով ու ներքաղաքական զարգացումներով։
Այսպես, ՀՀ կառավարությունը՝ ելնելով նրանից, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հանրպետությունում շարունակում է լարված մնալ և արտակարգ դրության հայտարարման պատճառները դեռև հաղթահարված չեն, որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը։ Այսպեսով որոշում ընդունվեց, ըստ որի՝ երկարաձգվում է ՀՀ-ում դեռևս մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Կորոնավիրուսային պայքարում այս շաբաթ հատկանշանական էր այն, որ ստացվեցին արտասահմանյան առաջին աջակցությունները։ Այսպես, ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն Արսեն Թորոսյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու Հայաստանին՝ հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները: Արսեն Թորոսյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանին աջակցելու նպատակով բժիշկներ կժամանեն Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լիտվայից: Բացի այդ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել ամեն օր 500-1000 թեստավորում անցկացնել Հայաստանի քաղաքացիների համար Վրաստանում կամ հայկական կողմին փոխանցել կորոնավիրուսի 10 000 թեստ: Սերբիան Հայաստանին կցուցաբերի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն։
Արցախում որոշում կայացվեց արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել ևս 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Շաբաթվա սկիզբը բուռն էր ուժային կառույցներում կադրային փոփոխությունների վերաբերյալ զարգացումներով։ Մասնավորապես, փաթեթային տարբերակով փոխվեցին ԱԱԾ պետը, Ոստիկանապետը և ԶՈՒ ԳՇ պետը։ Ազատումների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ այդպես էլ չտրվեցին։
ՀՀ Կառավարությունը հունիսի 11-ի նիստում սահմանեց բջջային հեռախոսներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբեյալ նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական և տարեկան հաղորդումներ ներկայացնելու առավելագույն չափը։ Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում։
Արտաքին քաղաքականության ուղղությամբ ուշագրավ էին մի շարք զարգացումներ։ Այսպես հունիսի 9-ին, մի քանի տասնյակ մարդիկ Իրանում ՀՀ դեսպանության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել՝ իրենց բողոքն են արտահայտելով Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ։ Ցուցարարները պաշտոնական Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թել-Ավիվի նկատմամբ:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին։
Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։ ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Շաբաթվա քրեական քրոնիկոնում հայտնված աղմկահարույց գործերից էին ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հորն առաջադրված մեղադրանքը, որով վերջինս մեղադրվում է որդու՝ կաշառք ստացած 1 միլիոն դոլարը օրինականացնելու մեջ, Գագիկ Խաչատրյանի արդեն երկրորդ որդու նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշումը, Քննչական կոմիտեի նախագահն էլ ԱԺ-ում հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործն, ըստ էության, բացահայտված է, սակայն դեռ քրեական գործը քննության փուլում է և ավարտված չէ։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն Միքայել Մինասյանի գործունեության վերաբերյալ նոր բացահայտումներ է արել։ Այսպես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է, որ Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օվշորային կազմակերպության միջոցով հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում։
ՀՀ ԱԱԾ-ն կիրակի առավոտյան խուզարկություն է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև նա հարցաքննության է հրավիրվել հատուկ ծառայություն։ ԱԱԾ-ն ընդհանուր առմամբ 3 հաղորդում է հրապարակել այն գործերի մասին, որոնք, հնարավոր է, կապված են Ծառուկյանի հետ։ ԲՀԿ-ի կողմնակիցները, կուսակցության պատգամավորները, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել ԱԱԾ շենքի մոտ, որի ընթացքում մոտ 100 ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից: