ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿԱ
Մի փոքր ուշացումով՝ այս շաբաթ մեկնարկեց սպասվող «թեժ աշունը»։ Դա նախանշվեց ԱԺ-ում սկսված գործընթացներով, որտեղ այս շաբաթ կարևոր քննարկումներ և քվեարկություններ տեղի ունեցան։ Այսպես, վերջապես ընտրվեցին ՍԴ անդամ 3 դատավորները՝ Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը։ Սակայն քվեարկութունն ու դրան նախորդած քննարկումներն ամենևին էլ հարթ չանցավ։ Քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները, որոնք հայտարարեցին, որ խախտված են բազմաթիվ ընթացակարգեր։
ՍԴ անդամի թեկնածուների ընտրության քննարկումը բավականին բուռն անցավ նախևառաջ վերջիններիս հայտարարությունների հետ կապված։ Մասնավորապես, պարզ դարձավ, որ որևէ մեկը ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ազդեցություն ունենալ Երվանդ Խունդկարյանի վրա, Վաղարշյանն էլ հայտարարեց՝ իրեն չի համարում թեկնածու, որն այդ տեղի համար արդեն մեկ անգամ տապալվել է, քանի որ նախորդ անգամ այլ ընթացակարգ էր, իսկ Շաթիրյանն էլ հայտարարեց, որ կհարգի իր հետ կապված բոլոր որոշումները՝ նաև այն դեպքում, եթե նպատակահարմար չհամարվի իր պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում։ Թեկնածուների դեմ լայն ճակատով հանդես եկավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ում, իր հերթին, սաստեց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը հիասթափված է իր գործընկերոջ ելույթից, որովհետև չի գտնում, որ այստեղ-այնտեղ պտտվող ասեկոսեներից արժե կարծիք կազմել թեկնածուների վերաբերյալ։
Բաբաջանյանին սաստելու հարցում հետ չմնացին նաև առաջադրված թեկնածուները, ովքեր Բաբաջանյանին խորհուրդ տվեցին նախևառաջ մտորել սեփական անցած ուղու մասին։ Այնուհանդերձ, չնայած այս ողջ պոլեմիկային, ՍԴ դատավորի երեք թեկնածուներն էլ ընտրվեցին։ Վարչապետն էլ հայտարարեց, որ ՍԴ շուրջ ճգնաժամը վերջացել է, բայց չի ձևավորվել իդեալական ՍԴ։
Խորհրդարանական և հանրային օրակարգում այս շաբաթ կրկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն էր։ Ի պատասխան այդ պահանջների՝ Հարությունյանը բազմակի հայտարարություններով հանդես եկավ՝ նշելով, որ այս պահանջն ավելի կուժեղացնի նախարարությունը, որ ինքը գիտի ուր է եկել, և որ ինքը հեղափոխության
առաջնորդներից է եղել, ուստի այդպիսի պահանջ դրվել չի
կարող։ Բացի խորհրդարանից՝ Հարությունյանի հրաժարականը նաև փողոցում պահանջեցին։ Մասնավորապես, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ կազմակերպեց։
ԲՀԿ-ն ևս միացավ ԼՀԿ-ի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Սա իսկական
փոխհրաձգության վերածվեց ԲՀԿ-ի և իշխանությունների միջև։ Նախ ԱԺ ամբիոնից Արայիկ Հարությունյանը կոչ արեց «մի խումբ կոտայքցիների՝ իր հրաժարականը պահանջելուց առաջ կառավարել իրենց հորմոնները»։ Սրա հետ համաձայնեց վարչապետը՝ նշելով, որ եկեղեցու տարածքում բռնաբարություն կատարողները ազգային արժեքներից խոսելու իրավունք չունեն։
Մեկ ժամ անց Գագիկ Ծառուկյանը գրառում կատարեց Facebook-յան իր էջում՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրել, որ «հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Սրա հետ համաձայնեց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին, սակայն վերջինիս հետ չհամաձայնեց Իվետա Տոնոյանը՝ ասելով, որ Ծառուկյանի գրառման մեջ նա, ով իրեն ուզում էր տեսնել՝ տեսել է։
Իսկ ի՞նչ ԲՀԿ-իշխանություններ պոլեմիկա՝ առանց Գևորգ Պետրոսյանի։ Վերջինս ուշագրավ բացահայտումներ արեց Facebook-յան իր էջում՝ հայտնելով որ «Ալեն Սիմոնյանը հղի է, քանի որ, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իր գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է»: Ծառուկյանի գրառումից ոգևորվել էր նաև «իմքայլական» Քրիստինե Պողոսյանը, ով առաջարկեց ԲՀԿ առաջնորդին միանալ դեռևս մեկ տարի առաջ իր կողմից ներկայացված այն առաջարկին, որով սահմանվում էր, որ ԱԺ պատգամավորները պետք է պարտադիր հոգեբանական զննում անցնեն։ Գագիկ Ծառուկյանի գրառման իրական հասցեատիրոջ այս փնտրտուքների ամբողջ պատմությունը հարցականի տակ դրեց վարչապետ Փաշինյանը, ով զարմանք արտահայտեց՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը գրել գիտի։
Խորհրդարանում բավականին վստահ էր Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, երբ որ ինքը պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա վերջինս անպայման հրաժարական կտա։
ԱԺ-ում ստեղծվեց նաև այդքան քննարկված COVID-19 համավարակի դեմ պայքարը քննող հանձնաժողովը։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Չնայած նախորդ մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը Հանրապետությունում բավականին բարելավվել էր, սակայն վերջին շաբաթվա ընթացքում աճի անհանգստացնող միտումներ առաջ եկան։ «Մեր վերլուծությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի և տեղաշարժի ակտիվացման հետ։ Առաջիկա երկու շաբաթվա ընթաքցում կտեսնենք, թե դպրոցների բացման արդյունքում ինչ արդյունքներ ենք գրանցում, ինչպես է զարգանում կորը»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավենեսյանը։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը մի շարք կարևոր հանդիպումներ և քննարկումներ ունեցավ այդ երկրում։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում, սակայն վերջին շրջանում որոշակի ուժային հավասարակշռություն է փոխվել տարածաշրջանում, քանի որ նկատելի է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրեր։
«Կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի՝ արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի ժողովրդի հետ համերաշխ ապրելու պատմությունն ուղեցուցային է, թե ինչպես կառուցել փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ»,-մեկ այլ առիթով նշել է Մնացականյանը։
Այս շաբաթ ԵԱՀԿ համանախագահները առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և նախարարներին առաջիկա շաբաթների ընթացքում հրավիրել անհատական հանդիպումների՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների վերականգնման ակնկալիքով: Սակայն ադրբեջանական կողմը, կարծես թե, լուրջ ջղաձգումների մեջ է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ Ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Խորապես հիասթափեցնող են. այսպես է բնութագրել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղյակ է, որ լիբանանցի երկու փախստական ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե իբր Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադիր են իրենց տարածքում վերաբնակեցնել լիբանանահայերին։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս շաբաթ իրենց պայքարը շարունակեցին հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները։ Նրանք պահանջում էին որպեսզի մաքսազերծման կանոնները փոփոխության չենթարկվեն։ ՊԵԿ-ն էլ հայտարարեց, որ նպատակահամար չի գտնում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, քանի որ տնտեսվարողների ժամանակին իրազեկվել են այդ մասին, իսկ մյուս կողմից գերատեսչությունը բաց է ցանկացած հարցով քննարկումների համար։
Իրենց դժգոհությունը հայտնեցին նաև խաղողագործները՝ մթերման ցածր գների հետ կապված։ Արարատի մարզի բնակիչները փակեցին նաև Երևան- Երասխ միջպետական ավտոճանապարհը։ Խաղողագործների միության նախագահն էլ մթերման գների իջեցումն անհիմն է համարում, իսկ գործարանները հերքում են, որ գներն իջեցրել են։
ԻՐԱՎԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ դրված կալանքը կշարունակի գործել։ Այսպիսի որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։
Շարունակվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրվող մեղադրանքների շարքը։ Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սիմոնյանը ԵՊՀ հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար։